Բժշկական պարտադիր ապահովագրությանը այլընտրանք չկա

«Ապահովագրությունն այն գործընթացն է, որը ձեռնտու է և՛ պետությանը, ևþ՛ հարկատուին, ևþ քաղաքացիներին»,- ասում է Լևոն Ալթունյանը։

«Ներդրման խնդիրներ ուղղակի գոյություն չունեն»,- «Կապիտալի» հետ հարցազրույցում պնդում է ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ապահովագրական ընկերության գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանը:


-Ի՞նչ տվեց մեզ ԱՊՊԱ-ի ներդրումը, և որքանո՞վ է այն արդարացրել ձեր սպասումները:

-ԱՊՊԱ-ի  ներդրումը միանգամայն արդարացված էր, այն կհամարվեր ձախողված, եթե ապահովագրական ընկերությունները հավաքեին այդ գումարները, բայց  խուսափեին վնասի հատուցումից, սակայն ժամանակը ցույց տվեց, որ դա այդպես չէ: Դատարանում բնակչությունից բողոքներ չկան, իսկ ֆինանսական հաշտարարի մոտ կան ընդամենը մի քանի գործեր, և այն մտավախությունները, որ այս համակարգը  չի աշխատի, իրեն չարդարացրեց, այսինքն՝ կարելի է ասել, որ ԱՊՊԱ-ն կայացել է:

-Պարտադիր ապահովագրության պոլիսների սակագներում վնասաբերության մակարդակն ընդունվել է 78%։ Արդյոք սա օպտիմալ մակարդա՞կ էր, և այդ սակագներն ի՞նչ միտումներ ունեն:

-Վնասաբերության մակարդակը ներդրման առաջին տարիներին սովորաբար ցածր է լինում, բարձրանում է հաջորդող տարիներին: Եվ բնական է, որ մեր երկրում նույնպես տարիների ընթացքում այդ մակարդակը բարձրանալու է: Ներկայիս մակարդակը գտնվում է հաշվարկվածի սահմաններում: Այս համակարգի ներդրման համար այսօրվա ապահովագրական ընկերությունների հիմնական ծախսերը ոչ թե կապված են գումարների հատուցման հետ, այլ ադմինիստրատիվ ծախսերի հետ` գործակալական ցանցի ստեղծում, գործակալների վերապատրաստում, նյութական բազայի ստեղծում և այլն: Այս ծախսերը չեն լինի երկրորդ, երրորդ տարիներին, սակայն դրա հաշվին արդեն կբարձրանա հատուցումների քանակը: Մենք ակնկալում ենք, որ դեռևս այդ մակարդակը կմնա 78-80 %-ի շրջանակում, որը հնարավորություն է տալիս կատարել հատուցումներն ու ադմինիստրատիվ ծախսերը և ստանալ շահույթ:

-Ապահովագրության այս տեսակի ներդրումը որքանո՞վ է նպաստել ապահովագրության մնացած ձևերի նկատմամբ հետաքրքրության մեծացմանը:

-Ապահովագրության կայացած տեսակը իր հետևից կտանի ոչ միայն ապահովագրության այլ տեսակներ, այլև կնպաստի ապահովագրական մշակույթի կայացմանը, որն այսօր իսկապես անհրաժեշտ է: Այդ ազդեցությունը նկատվում է արդեն այսօր, այդ մասին են փաստում նաև ճանապարհային ոստիկանության աշխատակիցները, ճանապարհային պատահարների ժամանակ վերացել են «մեղավոր» և «անմեղ» կողմերի նյարդային լարվածությունները։ Հիմա ապահովագրական ընկերությունն է հոգում պատահարի հետագա գործընթացը, ինչը միայն հաճախորդի շահերից է բխում։

-Արդյոք արդյունավե՞տ կլինի առողջության ապահովագրությունը նույնպես պարտադիր դարձնելը,  մեր ենթակառուցվածքները պատրա՞ստ են դրան:

-Առողջության հետ կապված ենթակառուցվածքները 74 տարիներ շարունակ մեր երկրում ամենազարգացածներից էին, սակայն ժամանակը ցույց տվեց, որ այդ ամենն այնքան էլ կարևոր չէ, պետք են գրագետ բժիշկներ, հագեցված դիագնոստիկ բազա,  արդյունավետ ֆինանսավորման աղբյուրներ:  Եթե  չունենանք այս ամենը, մեր քաղաքացիներն ուղղակի կմեկնեն արտասահման՝ բուժում ստանալու, իսկ սրա հիմնական լուծումը արդյունավետ ֆինանսավորման իրականացումն է, որի հիմնական ձևը ապահովագրությունն է: Այսինքն՝ ապահովագրությունն է այն աղբյուրը, որը ֆինանսավորելուց հետո հսկում է, որ այդ միջոցները տեղ հասնեն, այսինքն՝ ծառայությունները մատուցվեն որակով և ժամանակին: Ստացվում է, որ ապահովագրությունն այն գործընթացն է, որը ձեռնտու է և պետությանը, ևþ հարկատուին, և քաղաքացիներին:
Բժշկական պատադիր ապահովագրությանը այլընտրանք չկա, այլ հարց է, թե երբ դա կլինի, իսկ ներդրման խնդիրներ ուղղակի գոյություն չունեն, պետք է  ուղղակի ներդնել համակարգը:

-Ինչպիսի՞ ներդրումային քաղաքականություն է իրականացնում ձեր ընկերությունը:

-Մեր ներդրումային քաղաքականությունը գտնվում է հուսալիության  և եկամտաբերության խաչման կետում: Այս երկու բաղադրիչներին հիմնականում նպաստում են պետական պարտատոմսերը` բանկային ավանդներում: Մեր միջոցների մոտ 30%-ը գտնվում է բանկերում, սակայն բանկերի ներդրումային քաղաքականությունը նույնպես ուղղված է դեպի պարտատոմսերի շուկան: Իսկ կորպորատիվ պարտատոմսերում ներդրումը մոտ 7% է, որից 2%-ը արտասահմանյան պարտատոմսերն են, մոտ 5%-ը՝  հայաստանյան: Սա անհրաժեշտ է այնքանով, որ պահպանենք մեր ներդրողական կարգավիճակը:

Հարցազրույցը`Նինա Աբազյանի

Աղբյուրը` cdaily.am



 

Հարցում

Ո՞ր ապահովագրական ընկերության լոգոն, ըստ ձեզ, ավելի հիշվող է
 

 © insurance.am 2010-2011 Բոլոր իրավունքները պաշտպանված են:  Մեջբերումներ անելիս հղումը insurance.am-ին պարտադիր է: