Ժողովուրդը ապահովագրողի մեջ բարի կամեցողություն պիտի տեսնի

01.04-2011

Ապահովագրությունը յուրաքանչյուր քաղաքացու կյանքում անհրաժեշտություն է: Ցավոք Հայաստանում դեռ ոչ բոլորն են ընդունում այս ծառայության կարևորությունն իրենց կյանքում: Հայաստանի ապահովագրական համակարգի առանձնահատկությունների և նրա զարգացման միտումների մասին զրուցեցինք հայաստանյան ապահովագրական շուկայի առաջատար ընկերություններից մեկի` ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ի գործադիր տնօրեն Լևոն Ալթունյանի հետ:

- Պարոն Ալթունյան, ինչ գնահատական կարող եք տալ ներկայիս տեղական ապահովագրական շուկայի վերաբերյալ, կան արդյո՞ք արագ զարգացման միտումներ, և արդյո՞ք  այսօր Հայաստանի ապահովագրական ընկերությունների կողմից տրամադրվող ապահովագրական ծառայությունների որակը համապատասխանում է միջազգային շուկայում գոյություն ունեցող ծառայությունների որակի հետ:

–Զարգացման միտումներ միանշանակ միշտ էլ կան, նույնիսկ անցած տարվա ճգնաժամային իրավիճակի պայմաններում ապահովագրության ոլորտն ուներ զարգացում: Իսկ ապահովագրական ծառայությունների որակի մասին մեր ընկերության օրինակով լիարժեք կարող եմ ասել, որ մրցունակ առաջարկներ այսօր շատ կան, և մենք պատրարստ ենք աշխատել միջազգային ապահովագրական ընկերությունների մատուցած ծառայությունների մակարդակով:
 

-Հայաստանի ապահովագրական շուկայում ինչպիսի՞ տեղ է զբաղեցնում ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը:
 

-ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն այսօր, հիրավի, համարվում է առաջատար ընկերություններից մեկը: Առհասարակ, ընկերության առաջատար լինելը որոշվում է ընդգրկված հաճախորդների ցանկով կամ հավաքագրված ապահովագրավճարների ծավալով, իսկ որպես ընկերության իմիջ, որպես գուդվիլ հաշվի են առնվում շուկայում տվյալ ընկերության տարիքը, բաժնետերերի ով լինելը, ընկերության վարքագիծը և այլ ոչ նյութական արժեքներ, որոնցով մեր ընկերությունն առանձնանում է շուկայում: Մեզ համար շատ կարևոր օղակ է նաև վերաապահովագրումը:
Այս դաշտում մեր գործընկերը ռուսական “ԻՆԳՈՍՍՏՐԱԽ” ռուսական ընկերությունն է, որը նաև մեր ընկերության  75% բաժնետերն է, նրա շնորհիվ մեր ռիսկերը վերաբաշխում ենք այդ ընկերության աշխարհով մեկ տարածված ռիսկերի վրա, նրանք էլ իրենց ռիսկերը մասհանում են մեզ հետ: Օրինակ, գործընկեր ընկերության միջոցով տիեզերքի հետ կապված ռիսկերում նաև մեր փոքրիկ բաժինն ունենք:

-Արդյո՞ք այսօր Հայաստանի ապահովագրական շուկայում իրականացվում են նորարարություններ, և արդյո՞ք ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ-ն, որպես առաջատար ընկերություններից մեկը, իրականացրել է ապահովագրության այնպիսի տեսակ, որը մինչ այդ Հայաստանում չէր իրականացվել:
 

-Ես այնքան էլ տեղյակ չեմ թե ուրիշ ընկերություններ ինչ են անում, բայց կարծում եմ այսօր մեր ապահովագրական շուկայում իրոք նորարարություններ կան, և շատ ընկերություններ իրականացնում են բազմաթիվ նոր ապահովագրության տեսակներ, անգամ ծիծաղելի է, որ մեզ մոտ փորձեցին իրականացնել ֆինանսական ռիսկերի ապահովագրություն:
Ամբողջ աշխարհում ապահովագրության այս տեսակը արդեն չեն կիրառում, որովհետև փորձի արդյունքում պարզ է դարձել, որ այն ապահովագրական բիզնեսի համար վնասաբեր է: Բարեբախտաբար ԿԲ-ի կողմից համապատասխան միջոցառումներից հետո դադարեցին Հայաստանում կիրառել ֆինանսական ռիսկերի ապահովագրությունը: Որպես մեր կողմից Հայաստանում առաջին անգամ իրականացրած ապահովագրության տեսակ կարող եմ նշել շրջակա միջավայրի աղտոտվածության ռիսկի ապահովագրությունը: Ապահովագրության այս տեսակը աշխարհում բավականին լայն տարածում ունի, իսկ մեզ մոտ առաջին անգամ մենք կիրառեցինք: Հաճախորդը, որը մեզ դիմել էր բավականին անհանգստացած էր բնապահպանական ֆոնդերի և կոմիտեների բողոքներից, իսկ ապահովագրությունը լուծում է այդ բոլոր հարցերը:
 

-Պարոն Ալթունյան,  ի՞նչ եք կարծում, արդյոք ԱՊՊԱ-ն նպաստեց, որպեսզի Հայաստանում զարգանա ապահովագրությունը, և արդյո՞ք սա մի հնարավորություն էր հասարակության մեջ «ապահովագրություն» գաղափարը սերմանելու համար: Ըստ Ձեզ Հայաստանի ապահովագրական համակարգում հաջորդը ո՞ր ապահովագրության տեսակն է, որ իրականացվելու է պարտադիր սկզբունքով:  
 

-ԱՊՊԱ-ն միանշանակ նպաստեց Հայաստանում ապահովագրության զարգացմանը: Կարծում եմ, Հայաստանում դեռ կգա այնպիսի ժամանակ, երբ կսկսեն օգտվել ամբողջ աշխարհում արդեն լայն տարածում գտած ապահովագրության շատ տեսակներից: Որպես պարտադիր ապահովագրության հաջորդ տեսակ կարելի է նշել պարտադիր բժշկական ապահովագրությունը և շինմոնտաժային ռիսկերի ապահովագրությունը: Իհարկե մենք չենք կարող խուսափել հասարակության դժգոհություններից, քանզի հասարակությունը յուրաքանչյուր նորության տալիս է բացասական արձագանք:  Դժգոհություն նաև կա նրա համար, որ հասարակության ոչ բոլոր խավերն են կարողանում հավասարապես օգտվել բժշկական ծառայություններից: Մենք պետք է փորձենք գտնել հասարակության բողոքների «ոսկե միջինը», իսկ պետությունը պարտավոր է ինչ որ ծրագրեր իրականացնել այս խնդրին լուծում տալու համար:  
 

-Որպես ապահովագրական ընկերության տնօրեն, ի՞նչ եք կարծում, հատուցման գործընթացը /եթե այն լավագույնս կայացած է/ կարելի է օգտագործել որպես ապահովագրական ընկերության համար լավագույն գովազդի ձև:
 

-Հատուցումը յուրաքանչյուր ապահովագրական ընկերության համար պայմանագրային պարտավորություն է, և յուրաքանչյուր ապահովագրական ընկերություն պարտավոր է բարեխղճորեն իրականացնել իր պարտավորությունները: Իսկ հաճախորդ գրավելու համար վճարել ավելին, քան պահանջում է տվյալ ապահովագրական դեպքը` սխալ է, քանի որ ապագայում արդեն ժողովրդի մոտ դա վատ սովորություն կդառնա:
Գուցե այս պարագայում ավելի ճիշտ կլինի ոչ թե օգտագործել հատուցում վճարելը, այլ օրինակ հենց այն հանգամանքը, որ մեր ընկերությունը հատուցումների գծով ունեցել է մեկ կամ երկու դատական հայց, որոնք ավարտվել են մեր ընկերության օգտին: Մեր հայցերի կարգավորման բաժնի մասնագետներն, անընդհատ անցնում են վերապատրաստման դասընթացներ, արագ արձագանքման ծառայությունը` իր նյութատեխնիկական բազայով այսօր շատ ավելի լավ վիճակում է, և ավելի վատ, քան կարող է լինել վաղը:
 

-Պարոն Ալթունյան, ապահովագրական բիզնեսում կա՞ն ընդգծված սկզբունքներ:
 

-Ճշմարտացիությունը, հաճախորդը պետք է իր ապահովագրական ընկերությանը վստահելու բավարար հիմքեր ունենա, և առհասարակ, ժողովուրդը ապահովագրողի մեջ բարի կամեցողություն պիտի տեսնի:

Զրուցեց Լուսինե Կաբանյանը

insurance.am



 

Հարցում

Ո՞ր ապահովագրական ընկերության լոգոն, ըստ ձեզ, ավելի հիշվող է
 

 © insurance.am 2010-2011 Բոլոր իրավունքները պաշտպանված են:  Մեջբերումներ անելիս հղումը insurance.am-ին պարտադիր է: